Իրանի իշխանությունները ահաբեկչությանն աջակցելու և մարդու իրավունքների ոլորտում խախտումների համար ԱՄՆ-ի 9 քաղաքացիների ներառել են իրենց պատժամիջոցների ցուցակում: Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
«Այդ անձինք ներգրավված են Իրանի ժողովրդի և կառավարության նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի անօրինական պատժամիջոցների սահմանմանը, ահաբեկչական խմբավորումների և ահաբեկչական գործողությունների ֆինանսավորմանը և աջակցությանը, ինչպես նաև նպաստել են տարածաշրջանում Իսրայելի ռեպրեսիվ գործողություններին, հատկապես պաղեստինցիների նկատմամբ»,- ասված է փաստաթղթում:
Ընդգծվում է նաև, որ «այդ գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների խախտում են և մարդկության դեմ հանցագործության վառ օրինակ»:
Ավելի վաղ՝ մարտի 30-ին, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իրանի նկատմամբ հերթական պատժամիջոցների կիրառման մասին էր հայտարարել։