Լոնդոնի դատարանը վճիռ է կայացրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը դատարանի հրապարակված հայտարարության մեջ։
Նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։ Գործը կընդունի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը: Միաժամանակ Ասանժի պաշտպանությունը դեռ հնարավորություն ունի բողոքարկել Լոնդոնի Գերագույն դատարան, եթե նախարարը որոշում կայացնի արտահանձնման մասին։
Դիմելով Ասանժին՝ դատավոր Գոլդսփրինգն ասաց, որ այլ ելք չունի, քան այս վճիռը կայացնելն ու գործը ՆԳՆ ղեկավարին փոխանցել։ «Ես պարտավոր եմ ձեր գործն ուղարկել պետքարտուղարին, որպեսզի նա որոշի՝ արտահանձնե՞լ ձեզ, թե՞ ոչ»,- ասել է դատավորը։ «Դուք իրավունք ունեք դիմելու Գերագույն դատարան»,- ասաց նա՝ զգուշացնելով, որ դա հնարավոր չէ անել, քանի դեռ նախարարի որոշումը չի կայացվել, և ինքը պետք է մնա բանտում։
Անցյալ հունվարին Լոնդոնի դատարանը վճռեց, որ WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնումն անօրինական կլինի, քանի որ Ասանժը, որը տառապում է աուտիզմով և կլինիկական դեպրեսիայով, պատրաստ է ինքնասպանություն գործել և կիրականացնի իր ծրագիրը, եթե հայտնվի ԱՄՆ բանտում։ Դա հիմք է հանդիսացել Ասանժին ԱՄՆ արտահանձնումից հրաժարվելու համար, որտեղ նրա դեմ հարուցվել է 18 քրեական մեղադրանք, սակայն այս որոշումը հաջողությամբ վիճարկվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից։