Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել է, որ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության համար, գրում է «Коммерсант»-ը:
«Այդ աններելի և վիրավորական մեկնաբանությունները սարսափելի պատմական սխալ են, և մենք ակնկալում ենք ներողություն խնդրել»,— հայտարարել է Լապիդը։ Իսրայելցի նախարարն ընդգծել է, որ «Հիտլերը ծագումով հրեա չի եղել, և հրեաներն իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ»:
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, բայց կա գիծ, և այս անգամ այն հատվել է։ Ռուսաստանի կառավարությունը պետք է ներողություն խնդրի մեզանից և հրեա ժողովրդից», – հավելել է Լապիդը։
Պարբերականը նշում է, որ իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագումը չի նշանակում, որ երկրում նացիստներ չկան: «Կարող եմ սխալվել, բայց Ադոլֆ Հիտլերը նույնպես հրեական արյուն ուներ», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Ավելի վաղ այդ խոսքերի պատճառով Իսրայելի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին՝ բացատրական զրույցի համար: