ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իսրայելական կողմը երկար տարիներ անտեսում է «նեոնացիստական գաղափարախոսության աճը Ուկրաինայի տարածքում», չնայած այն բանին, որ Ռուսաստանը բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այդ ֆենոմենի վրա:
Զախարովան վրդովվել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագման մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարությունը միջազգային արձագանք է առաջացրել, թեև, ինչպես նա է կարծում, «նույն եռանդով» արժե ուշադրություն դարձնել ուկրաինացի զինծառայողների կողմից նացիստական խորհրդանիշների օգտագործմանը:
Մայիսի 2-ին Սերգեյ Լավրովը հնարավոր է համարել, որ Ադոլֆ Հիտլերը հրեական արյուն ուներ, ինչի պատճառով, ռուսական դիվանագիտության ղեկավարի կարծիքով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագումը չի կարող պատճառ հանդիսանալ Ուկրաինայի «նացիֆիկացիայի» անհնարինության համար: Լավրովի խոսքերը հրահրել են իսրայելական կողմի վրդովմունքը։
Մասնավորապես, Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը ՌԴ-ից ներողություն է պահանջել Սերգեյ Լավրովի արտահայտության համար, իսկ Երուսաղեմում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ բացատրական զրույցի համար: