Մեծ յոթնյակի (G7) երկրների առաջնորդները հայտարարել են Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու մտադրության մասին։ Այս մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
«Մեծ յոթնյակը և Ուկրաինան միասնական են այս դժվարին պահին և այդ երկրի ժողովրդավարական, բարգավաճ ապագայի ապահովման իրենց ձգտման մեջ։ Մենք նախկինի պես միասնական ենք Ուկրաինայի դեմ պատերազմում նախագահ Պուտինի հաղթանակը թույլ չտալու մեր վճռականության հարցում», – մեջբերում է գործակալությունը կոմյունիկեի խոսքը։
G7-ի առաջնորդները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առցանց հանդիպման ընթացքում պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունն Ուկրաինային: Բացի այդ, G7-ի երկրները պարտավորվում են աստիճանաբար վերջ դնել ՌԴ-ից էներգառեսուրսների ներմուծումից կախվածությանը։
«Մենք պարտավորվում ենք աստիճանաբար նվազեցնել մեր կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Մենք կհոգանք, որպեսզի դա անենք ժամանակին, կանոնակարգված և այնպես, որպեսզի աշխարհին ժամանակ տրամադրենք այլընտրանքային մատակարարումներ ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։