ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57։ Այժմ օրինագիծը կանցնի Սենատի քննարկմանը: Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն ավելի վաղ խոստացել էր հնարավորինս շուտ կազմակերպել նախաձեռնության քվեարկություն: Վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրության։
Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ հատկացնել Կիևին ռազմական, տնտեսական և հումանիտար օգնության համար։ Մասնավորապես՝ 6 միլիարդ դոլար պետք է ուղղվի զենքի և անվտանգության ապահովման համար, 8,7 միլիարդ դոլար՝ Ուկրաինայում տնտեսական օգնության և հանրային ծառայությունների աշխատանքի ֆինանսավորման համար, 5 միլիարդ դոլար՝ պարենային օգնության համար Ուկրաինային և աշխարհի այլ երկրներին, 900 միլիոն դոլար նախատեսված է աջակցել ուկրաինացի փախստականներին։ Բացի այդ, 3,9 մլրդ դոլար կհատկացվի Եվրոպայում ամերիկյան զորքերի հզորացման համար։
Այս լրացուցիչ ֆինանսավորման համար Կոնգրեսին հարցում էր ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա հորդորել էր օրենսդիրներին անհապաղ հաստատել այն, որպեսզի առաջիկա օրերին ինքը ստորագրի համապատասխան օրինագիծը։ Բայդենը նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները շուտով ստիպված կլինի դադարեցնել օգնությունը Կիևին, քանի որ Կոնգրեսի կողմից հատկացված նախկին ռեսուրսները գործնականում սպառվել են։