Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այն հարցերը, որոնք մնացել են լուծելու, զուտ տեխնիկական և տնտեսական բնույթ են կրում», – նշել է Բորելը:
Նա խոստովանել է, որ դժվարությունները կապված են ռուսական նավթի ներմուծման էմբարգո սահմանելու հարցում ԵՄ մտադրության հետ։ «Մեզ մոտ բարդություններ են մնում նավթի էմբարգոյի շուրջ միասնության հարցում», – հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Ինչ վերաբերում է պատժամիջոցների նոր փաթեթի հաստատման ժամկետներին, Բորելը հայտարարել է, որ չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համաձայնեցումը: «Ես չեմ կարող ասել, թե դա ևս մեկ շաբաթ կամ երկու կտևի», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա նաև հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Եվրահանձնաժողովը մտադիր է հրաժարվել պատրիարք Կիրիլին իր սև ցուցակում ընդգրկելու իր առաջարկից:
Բորելը հավելել է, որ ԵՄ-ի խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով չի քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար երկրներին ֆինանսական փոխհատուցում վճարելու հնարավորությունը: