Շվեդիայում քրդական կազմակերպությունները մտահոգված են, որ երկրի իշխանությունները կարող են ՆԱՏՕ-ի հայտը վավերացնելու համար ինչ-որ զիջումների գնալ Թուրքիային։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Քրդական ազգային կոնգրեսի համանախագահ Ահմեթ Կարամուսը։
«Դա աբսուրդ է։ Շվեդիայի խորհրդարանը և Շվեդիայի կառավարությունը իրավունք ունեն որոշում կայացնել անվտանգության քաղաքականության հիման վրա։ Մենք հուսով ենք, որ Շվեդիան և [ԱԳ նախարար] Անն Լինդեն չեն զիջի Էրդողանի պահանջներին։ Երկրները կարող են խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց ոչ քրդերի հաշվին», – ասել է նա։
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ այն բանից հետո, երբ այդ երկու երկրները հրաժարվել են բավարարել Թուրքիայի խնդրանքը ահաբեկչությանը մասնակցության մեջ կասկածվողների, մասնավորապես Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների արտահանձնման վերաբերյալ։