ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ամերիկացի օրենսդիրներին հարցում է ուղարկել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերին հավանություն տալու համար: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում։
Բայդենը չորեքշաբթի երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին՝ ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդունելությունը հնարավորինս շուտ վավերացնելու պատրաստակամության համար: Հյուսիսատլանտյան դաշինքին նոր երկրների անդամակցության համար պահանջվում է, մասնավորապես, ստանալ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատի հավանությունը։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսիի նահանգից, դեմոկրատ) հայտարարել էր, որ օրենսդիրներն արդեն աշխատում են այդ հարցի «արագ քննարկումն ապահովելու համար»: