Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ թուրքական, շվեդական և ֆիննական պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են։
«Բանակցություններն ընթացել են նախագահական պալատում, դրանք տևել են մոտ 5 ժամ և արդեն ավարտվել են», – ասել է ТАСС-ի աղբյուրը:
Թուրքական կողմը ներկայացրել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը։ Աղբյուրի խոսքով՝ սկզբում Թուրքիայի պաշտոնատար անձինք առանձին-առանձին հանդիպել են սկանդինավյան երկու երկրների պատվիրակությունների հետ, իսկ հետո տեղի է ունեցել բոլոր երեք կողմերի նիստը։
ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններ Կլաուս Կորխոնենը և Ակսել Վերնհոֆը մայիսի 18-ին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են հանձնել դաշինքին իրենց պետությունների անդամակցության հայտերը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-ին Կրեմլում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում նախազգուշացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի ընդլայնմանը Մոսկվայի պատասխան արձագանքի մասին։