Հունաստանը կպաշտպանի իր ինքնիշխանությունը Թուրքիայի սադրանքներից և հինգշաբթի նամակ կուղարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ Էգեյան ծովի կղզիներում հունական ստորաբաժանումների մարտունակության պահպանման վերաբերյալ թուրքական առարկությունները հերքելու նպատակով: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմուն։
Հունաստանի կառավարության ներկայացուցիչը, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին և Հունաստանի վարչապետ Կիրիկոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մեկ ամիս անց հանդիպելու հնարավորությանը, պատասխանել է, որ Միցոտակիսը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հրապարակավ հայտարարել է, որ Հունաստանը միշտ տրամադրված է որոշակի պայմաններում իր հարևանների հետ խոսելու։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին կրկին մեղադրել է Էգեյան ծովի կղզիների ապառազմականացմանը վերաբերող միջազգային պարտավորությունները խախտելու մեջ։ Նա սպառնացել է պատասխան միջոցառումներով՝ հայտարարելով, որ Անկարան «չի բլեֆի», հաղորդել է NTV հեռուստաալիքը: Չավուշօղլուի խոսքով՝ «Հունաստանի կողմից Լոզանի (1923) և Փարիզի խաղաղ համաձայնագրերի (1947) շրջանակներում իրեն տրամադրված կղզիների կարգավիճակի խախտումը հակասում է միջազգային իրավունքին»: