ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգին պետք է ավելացվեն ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի քայլերը։ Նման պահանջով Հյուսիսատլանտյան դաշինքին է դիմել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ТАСС-ը։
«ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում պետք է վճռական քայլեր ներառել՝ ահաբեկչության ցանկացած դրսևորումների դեմ պայքարելու համար։ Դաշինքի առաջիկա գագաթնաժողովում կարևոր որոշումներ կընդունվեն», – հայտարարել է նախարարը։
Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատասխան է ակնկալում Ֆինլանդիայից և Շվեդիայից Անկարայում կայացած հանդիպումից հետո, որտեղ քննարկվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է համաձայնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ միայն Հելսինկիի և Ստոկհոլմի կողմից Անկարայի հետ խնդրահարույց հարցերի վերաբերյալ գրավոր երաշխիքների դիմաց: «Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեցնեն ահաբեկիչներին աջակցելը, մենք նրանցից գրավոր համաձայնություն ենք ցանկանում կոնկրետ քայլերի վերաբերյալ», – հայտարարել է նա:
Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի աջակցի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը և խնդրել էր այդ երկրների ղեկավարությանը չնեղանալ իրենից: Նա որոշումը բացատրել է նրանով, որ Անկարան համաձայն չէ դաշինք ընդունել այն պետություններին, որոնք իր դեմ սահմանափակումներ են մտցրել։