Բելառուսում նախատեսում են ժողովրդական աշխարհազորի ստեղծում։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, փոխանցում է ТАСС-ը։
«Երեկվա խորհրդակցության ժամանակ, հարցերի ճշգրտման, զինված ուժերի զարգացման հստակեցման շրջանակներում, գլխավոր հրամանատարը խնդիր էր դրել նաև մեր երկրում ստեղծել ժողովրդական աշխարհազոր», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքը:
Նախարարի խոսքով՝ «ամենակարևորն այն է, որ մենք ունենք և՛ մարդիկ, և՛ սպառազինություն»։ Նա հայտարարել է, որ այդպիսով «հայրենիքի պաշտպանների թիվը մի քանի անգամ կավելանա»։ «Մեզ համար դա կարևոր է, հատկապես ներկայիս իրադրությունում, որպեսզի մենք կարողանանք խաղաղ ձևով ցույց տալ, որ պետք չէ խառնվել, քանի որ պատասխանը համարժեք կլինի», – նշել է Բելառուսի պաշտպանության նախարարը: