Սիրիայում ռազմական գործողության անցկացումը չի օգնի Թուրքիային լուծել անվտանգության ոլորտում իր խնդիրները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ТАСС-ը։
«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այլ երկրների ռազմական գործողությունները ոչ միայն չեն օգնում լուծել առկա խնդիրները, այլև տագնապալի հումանիտար հետևանքներ ունեն և բարդացնում են իրավիճակը տարածաշրջանում», – հայտարարել է Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի հնարավոր գործողության մասին տեղեկատվությունը:
Նրա խոսքով՝ Իրանը հասկանում է Թուրքիայի անհանգստությունն իր անվտանգության վերաբերյալ, սակայն միակ ելքը երկխոսությունն է, հարևանների հետ երկկողմ պայմանավորվածությունների հարգումը, ինչպես նաև Աստանայի գործընթացի շրջանակներում համաձայնությունները, ներառյալ Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և ազգային ինքնիշխանության հարգումը:
Գործակալությունը նշում է, որ մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին: Նրա տվյալներով՝ գործողությանը ծրագրվում է գործի դնել շուրջ 50 հազար թուրք զինծառայող և սիրիական զինված ընդդիմության կազմավորումների զինյալներ, որոնք աջակցում են Անկարան: