Թուրքական ղեկավարության վերջին երեք որոշումները հակասում են ՆԱՏՕ-ի շահերին և վիճելի են դաշնակիցների համար, РИА новости-ի փոխանցմամբ՝ գրում է Die Welt-ի մեկնաբան Կարոլինա Դրուտենը:
Հեղինակն անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքական վերջին որոշումներին, որոնք դժգոհություն են առաջացրել արևմուտքի իր դաշնակիցների մոտ։ Այսպես, Թուրքիան փաստացի արգելափակել է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին՝ առաջ քաշելով այն պայմանները, որոնք Ստոկհոլմն ու Հելսինկին դեռ պատրաստ չեն կատարել։ ԱՄՆ-ում քննադատել են Թուրքիայի դիրքորոշումը, սակայն վերլուծաբանը կասկածում է, որ Վաշինգտոնը ևս մեկ կոնֆլիկտի կգնա Անկարայի հետ, ինչը նշանակում է, որ հյուսիսային երկրները հնարավոր է՝ չմտնեն ռազմական դաշինք:
Արևմուտքի դժգոհությունն է առաջացրել նաև Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ ռազմական գործողություն սկսելու Էրդողանի որոշումը: Գերմանացի քաղաքական գործիչները, մասնավորապես, հայտարարել են, որ Թուրքիայի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։
«Ամեն դեպքում Սիրիայի հյուսիսում ևս մեկ լայնածավալ գործողությունը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի գծով նրա գործընկերների միջև տարաձայնությունների սրման առիթ կարող է լինել»,- հավելել է Դրուտենը:
Բացի դրանից՝ Էրդողանը հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ կապերը խզելու մասին։ Հեղինակը ուշադրություն է դարձրել, որ թուրքական ռազմաօդային ուժերը վերջին ամիսներին ավելի ու ավելի հաճախ են խախտում Հունաստանի օդային տարածքը։ Այդ կապակցությամբ հանրապետության կառավարության ղեկավարը խնդրել Է ԱՄՆ Կոնգրեսին արգելել Թուրքիային զենքի վաճառքը։ Մասնավորապես, խոսքը Անկարայի կողմից F-16 կործանիչներ գնելու մասին է։