Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում կարող են հանգեցնել տարածաշրջանի համար վտանգավոր էկոլոգիական և ժողովրդագրական հետևանքների։ Նման կարծիք է հայտնել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը Դամասկոսում Իրանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Թուրքիայի փորձերը՝ ստեղծել այսպես կոչված անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում և կառուցել քաոսային գաղութներ իր կողմից գրավված [սիրիական] տարածքներում, կհանգեցնեն տարածաշրջանի երկրների համար վտանգավոր էկոլոգիական և ժողովրդագրական փոփոխությունների», – հայտարարել է Միկդադը, որի խոսքը մեջբերում Է SANA գործակալությունը: Նա հավելել է, որ «տարածաշրջանում թուրքական ռեժիմի գաղութատիրական գործողությունները մեծ բնապահպանական և տնտեսական վնաս են հասցնում Սիրիային, Իրաքին, Իրանին և այլ երկրներին»:
Նախարարը նաև ընդգծել է բնապահպանական խնդիրների լուծման և դրանց բացասական ազդեցության նվազեցման հետ կապված Սիրիայի և Իրանի միջև համակարգման և համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ փոշոտ փոթորիկների հետևանքների մեղմացման համար:
Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջաններում 2017 թվականից երեք ռազմական գործողություն է իրականացրել՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»: Արդյունքում Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև անվտանգության բուֆերային գոտի է ստեղծվել Հալեպից հյուսիս, օկուպացվել է Աֆրինը, վերահսկողության տակ են վերցվել Եփրատ գետից արևելք ընկած սահմանային շրջանները: Դամասկոսում թուրքական զինված ներկայությունը դիտարկում են որպես անօրինական օկուպացիա։