Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ հունիսի 8-ին Թուրքիա կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդել է Anadolu-ն:
Նշվում է, որ նախարարները, ամենայն հավանականությամբ, կքննարկեն արգելափակված նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցք բացելու հնարավորությունը։
Daily Sabah թերթը գրել է, որ Լավրովի հետ Թուրքիայում սպասվում է նաև ռազմական պատվիրակություն։
Անցյալ շաբաթ բարձրաստիճան թուրք պաշտոնյան նշված պարբերականին ասել էր, որ Անկարան Մոսկվայի և Կիևի հետ քննարկում է Բոսֆորի միջոցով միջանցք բացելու առաջարկը՝ ուկրաինական հացահատիկի արտահանման համար: Նա նաև նշել է, որ Թուրքիայից հացահատիկը կարելի է ուղղել շուկաներ, որտեղ դրա նկատմամբ պահանջարկ կա։
Մայիսի 30-ին նավահանգիստներում արգելափակված ուկրաինական հացահատիկի հետ կապված իրավիճակը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: