Եթե ուկրաինական նավահանգիստներում արգելափակված հացահատիկը չհասնի գնորդներին, դա սպառնում է քաղաքական անկայունությամբ, իսկ Աֆրիկայում նոր հակամարտություններ կսկսվեն, հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Լուիջի Դի Մայոն, РБК-ի փոխանցմամբ, հայտնում է Agenzia Italia-ն:
Նա ասել է, որ ռուսական ռազմանավերի պատճառով Ուկրաինայից չեն կարողանում դուրս բերել 30 մլն տոննա ցորեն, այժմ աշխատանքներ են տարվում նավահանգիստների ապաշրջափակման ուղղությամբ: «Քանի որ առանց այդ հացահատիկի մենք վտանգի մեջ կհայտնվենք, Աֆրիկայում նոր պատերազմներ են սկսվելու։ Մենք վտանգվում ենք քաղաքական անկայունությամբ, ահաբեկչական կազմակերպությունների տարածմամբ ու հեղաշրջումներով»,- պարզաբանել է նախարարը։
Դի Մայոն հավելել է, որ հունիսի 7-ին միջերկրածովյան երկրների հետ պարենային անվտանգության հարցով երկխոսություն կկայանա, դրան կմասնակցեն նաև Գերմանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Իտալիայի ԱԳՆ ղեկավարը աշխարհում ստեղծված իրավիճակը «պատմական պահ» է անվանել՝ նշելով, որ շատ ընտանիքներ հացի թանկացման հետ են բախվել։:
«Հացի համար համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է, և մենք պետք է այն կանգնեցնենք, և Պուտինը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ և որքան հնարավոր է շուտ խաղաղության համաձայնագիր կնքի, որը ներառում է նաև ցորենի վերաբերյալ համաձայնագիրը»,- ընդգծել է իտալացի նախարարը: