Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին Թուրքիայի հայտարարություններից հետո ռուսական կողմն Իդլիբի դեէսկալացիայի գոտում անօրինական զինված խմբավորումների ակտիվացում է արձանագրել: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ Օլեգ Ժուրավլյովը։
«Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին թուրքական ղեկավարության հայտարարությունների ֆոնին Իդլիբի դեէսկալացիայի գոտում նշմարվել է անօրինական զինված կազմավորումների գործունեության ակտիվացում, որն ուղղված է իրադրության սրմանը»,- հայտարարել է Ժուրավլյովը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ահաբեկչական խմբավորումների հրամանատարությունը, որը գործում է դեէսկալացիայի գոտում, պահուստներ է կուտակում, ուժեղացնում պատրաստությունն ու մարտական ակտիվությունը: Մասնավորապես, անցած օրվա ընթացքում ռուսական կողմն Իդլիբի հատվածում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերի կողմից 12 գնդակոծություն է արձանագրել. դրանցից 6-ը՝ Հալեպի նահանգում, ևս 6-ը՝ Իդլիբի նահանգում։
«Հալեպի նահանգում Մաարեթ շրջանից ահաբեկիչների կողմից կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ իրականացված հրետակոծության հետևանքով վիրավորվել է մեկ սիրիացի զինծառայող»,- նշել է Ժուրավլյովը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Անկարան մտադիր է նոր գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմաններում անվտանգությունն ապահովելու համար: Նա հավելել է, որ Անկարայի ջանքերն ուղղված են Սիրիայում ահաբեկչական կազմակերպություններին հակազդելուն։