Եվրոպական խորհրդարանը 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Կոչ անելով Անկարային ևս մեկ անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նաև նշվում է, որ Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած երկխոսությունը դիտարկվում է որպես դրական», – նշվում է փաստաթղթում։
Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Թուրքիայի և Հայաստանի՝ երկկողմ շփումներ սկսելու որոշումը և ԵՄ-ին կոչ է անում ակտիվորեն աջակցելու այդ գործընթացին: Այն նաև Թուրքիային հորդորում է ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման համար, լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության իր պարտավորությունները:
Զեկույցում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ակտիվացնելու ջանքերը այդ երկրում հայերի և այլ փոքրամասնությունների ծանր վիճակի արդյունավետ կարգավորման ուղղությամբ:
Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը և անդամ պետություններին հորդորում է ուսումնասիրել այդ երկրներում «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հնարավորությունը: