Բեռլինի ոստիկանությունը մեքենայում հայտնաբերել է մի տղամարդու, որը չորեքշաբթի օրը քաղաքի կենտրոնում վրաերթի է ենթարկել հետիոտներին և պաստառներ՝ Թուրքիայի մասին մեջբերումներով, սակայն հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե իբր ավտոմեքենայում հայտնաբերվել է ինքնասպանության նամակ, հայտնում է գերմանական Die Welt պարբերականը՝ վկայակոչելով ներքին գործերի գծով Բեռլինի սենատոր Իրիս Շպրանգերին:
Ավելի վաղ dpa գործակալությունը և գերմանական Bild տաբլոիդը հայտնել էին, որ մեքենայում հայտնաբերվել է մահվանից առաջ գրություն, սակայն չեն բացահայտել դրա բովանդակության մասին տեղեկատվությունը:
«Վրաերթի դրդապատճառների պարզաբանումը կարող է տևել մի քանի ժամ կամ օր: Այդուհանդերձ, մեքենայում Թուրքիայի մասին արտահայտություններով պաստառներ են հայտնաբերվել», – Die Welt-ի փոխանցմամբ՝ ասել է Բեռլինի սենատոր Իրիս Շպրանգերը։
«Ոստիկանությունը լուրջ հետաքննություն կանցկացնի և անմիջապես կհրապարակի արդյունքները։ Այս պահին չկա հստակ տեղեկություն այն մասին, թե ինչն է պատճառ հանդիսացել միջադեպի համար։ Բեռլինի ոստիկանությունը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները», – հավելել է Շպրանգերը։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան, տղամարդու կառավարմամբ ավտոմեքենան Բեռլինի կենտրոնական շրջանում մխրճվել է հետիոտների խմբի մեջ: Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել, վարորդը նույնպես վիրավորվել է։ Հետագայում գերմանական ԶԼՄ-ները հայտնել են, որ հինգ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Զոհվածը ուսուցչուհի է, որը Բեռլին է ժամանել մի խումբ աշակերտների հետ։ Այս տեղեկությունը հաստատել է Հեսսեն դաշնային երկրամասի կառավարությունը։