Փարիզի Ibis հյուրանոցում աշխատող նախկին սպասուհի Ռաշել Կեկեն ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր՝ երկրորդ փուլում հաղթելով սպորտի նախկին նախարար-պատվիրակ Ռոքսանա Մարասինյանուին։ Այս մասին են վկայում երկուշաբթի օրը երկրի ՆԳՆ հրապարակած տվյալները։
Կեկեն Վալ-դե-Մարնե դեպարտամենտի 7-րդ ընտրատարածքում հավաքել է ձայների 50,3%-ը, իսկ Մարասինյանուն՝ 49,7%-ը։
Կոտդիվուարցի 48-ամյա բնակչուհին իր առաջին խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է ձախակողմյան «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» դաշինքի համար: 26 տարեկանում ժամանելով Ֆրանսիա՝ նա վարսահարդար է աշխատել, իսկ 2003 թվականից սպասուհի է աշխատել Փարիզի 17-րդ թաղամասի Ibis հյուրանոցում։ Հինգ երեխաների մայրը կարողացել է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալ միայն 2015 թվականին, 2016 թվականից ամուսնացած է Կոտ դ՛Իվուարից երաժշտի հետ։
2019 թվականին Կեկեն մասնակցել է սպասուհիների գործադուլին՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները։ Այս գործադուլի ընթացքում նա հաճախակի հրապարակային հայտարարություններ էր անում և աստիճանաբար դառնում արհմիության նշանավոր ակտիվիստ: 2022 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ նրա հետ կապվել են Ժան-Լյուկ Մելանշոնի «Ֆրանսիան անհնազանդ» կուսակցության ներկայացուցիչները և առաջարկել աջակցել նախընտրական քարոզարշավին։
Քարոզարշավի ընթացքում Կեկեն խոստումներ է տվել պայքարել անառողջ աշխատանք կատարող մարդկանց իրավունքների համար, քանի որ ինքը՝ որպես սպասուհի, աշխատանքային պայմանների պատճառով առողջական խնդիրներ է ունեցել։ Ընտրվելուց հետո նա խոստացել է «ԱԺ-Ն կարգի բերել» ու «օրինակելի պատգամավոր» դառնալ։
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է հունիսի 19-ին։