Ստամբուլում ձերբակալվել են Իրանի հինգ քաղաքացիներ՝ Իսրայելի ներկայացուցիչների դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Milliyet-ին։
Գործողությունն իրականացվել է այն բնակարանում, որը վարձակալել են իրանցիները, ինչպես նաև՝ հյուրանոցում: Ձերբակալվածներից առգրավվել է խլացուցիչով երկու ատրճանակ, թվային կրիչներ։ Կասկածյալների հարցաքննությունները շարունակվում են։ CNN Türk հեռուստաալիքի տեղեկություններով՝ մահափորձը, մասնավորապես, պատրաստվել է նախկին իսրայելցի դիվանագետի կնոջ դեմ։
Նշվում է, որ Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը հունիսի 13-ին Ստամբուլում գտնվող հայրենակիցներին կոչ է արել անհապաղ վերադառնալ հայրենիք հնարավոր մահափորձի սպառնալիքի պատճառով: Դրանից հետո Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հետաքննություն է սկսել, իսկ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունն անցած չորեքշաբթի գործողություն է իրականացրել մահափորձ նախապատրաստող խմբի ձերբակալման ուղղությամբ, որին երկար ժամանակ հետևում էր։
Ավելի վաղ՝ հունիսի 20-ին, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտնել էր, որ Իսրայելի և Թուրքիայի իշխանությունները համատեղ ջանքերով կանխել են Թուրքիայում գտնվող իսրայելցի քաղաքացիների վրա հարձակման մի քանի փորձ, որոնք ձեռնարկել են «Իրանի կողմից աջակցվող ահաբեկիչները»: