ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը, բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մեր հարգարժան անդամի՝ Թուրքիայի նախագահի հետ լավ հեռախոսազրույց ունեցանք, քննարկեցինք ՆԱՏՕ – ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը։ Մենք պայմանավորվել ենք բանակցությունները շարունակել Բրյուսելում և Մադրիդում հաջորդ շաբաթ», – ասված է Ստոլտենբերգի Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացի սկիզբը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի վերաբերյալ նրանց հավաստիացումներին: