Աթենքում սադրանք են անվանել Թուրքիայում «հունական լրտեսի» ձերբակալման մասին Անկարայի հաղորդագրությունները։ Ինչպես հաղորդում է Ria.ru-ն՝ այս մասին հայտնել է հունական ERT հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:
«Ինչ վերաբերում է Հունաստանի քաղաքացի Մոհամեդ Ամար Ամպարին, ապա նրա անհետացման մասին Անկարայում Հունաստանի դեսպանատունը հայտնել է դեռ մի քանի շաբաթ առաջ: Այդ օրվանից ի վեր Հունաստանի դեսպանատունը բազմիցս և շտապ կարգով բարձրացրել է հարցը թուրքական իշխանությունների առջև, որոնք, սակայն, մինչ այժմ ոչ մի պատասխան չեն տվել»,-նշում է գործակալությունը:
Նշվում է նաև, որ մայիսի 23-ից հունիսի 23-ը Հունաստանի դիվանագիտական իշխանությունները դիմել են թուրքական պետական ծառայություններին: Նրանք հայտարարել են, որ տեղյակ չեն միջադեպի մասին, սակայն հավաստիացրել են, որ ամեն ինչ անում են Ամպարի որոնման համար: Հեռուստաալիքը հայտնում է, որ թուրքական կառավարամետ թերթերի համաձայն՝ ձերբակալվածը Հունաստանի քաղաքացի է՝ սիրիական ծագմամբ, նա ամուսնացած է, ունի երեխաներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) լրտեսության մեղադրանքով ձերբակալել է Հունաստանի քաղաքացու: