Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանը հունիսի 26-ին հրթիռակոծության է ենթարկվել, հաղորդում է ТАСС-ը:
Գործակալության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է Զլիկան ճամբարի վրա, որը գտնվում է Բաշիկի շրջանում՝ Մոսուլից ոչ հեռու (Նայնավա նահանգ): Ճամբարի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել, սակայն դրանք չեն հասել նպատակակետին՝ ընկնելով ռազմական օբյեկտի մերձակայքում։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Նշվում է, որ իրաքցի ուժայիններն արձակման կայաններն արդեն հայտնաբերել են, որոնց օգնությամբ գնդակոծվել է բազան:
Հիշեցնենք, որ մայիսին Իրաքում նույն թուրքական բազան ենթարկվել էր անօդաչուների հարձակմանը։