Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է ֆիզիկական անձանց համար արտասահման փոխանցումների շեմը. հուլիսի 1-ից թույլատրվում է արտասահմանյան հաշիվներին փոխանցել մինչև 1 մլն դոլար՝ օրացուցային ամսվա ընթացքում: Խոսքը վերաբերում է արտերկրում կամ մեկ այլ անձի հաշվին կատարվող փոխանցումներին։
Հունիսի սկզբից այդ սահմանաչափը կազմում էր 150 000 $։ «Փոխանցումների սահմանաչափերը բարձրացվել են ներքին արժութային շուկայում կայուն իրավիճակի շնորհիվ», – հայտարարել է ԿԲ-ն:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հունիսի 29-ին հայտնել է, որ մտադիր են զգալիորեն ավելացնել ֆիզիկական անձանց համար արտասահման գումարի փոխանցման սահմանաչափը: Նրա խոսքով՝ դիտարկվել է նաև սահմանափակումների ամբողջական չեղարկման տարբերակը, սակայն դրա համար պետք է ճշգրտել օրենսդրությունը։