Շվեդիայի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Անն Լինդեն և Պեկա Հաավիստոն հավաստիացրել են, որ կհետևեն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն չեն երաշխավորել թուրքական հարցումների հիման վրա քրդերի արտահանձնումը:
«Մենք լիովին կկատարենք հուշագրի պայմանները, սակայն դրանում չկան ցուցակներ (մարդիկ, որոնք պետք է արտահանձնեն – խմբ․) կամ նման մի բան», – հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր հարցումներ են ստացվել Շվեդիայից՝ ՆԱՏՕ – ի գագաթնաժողովում Մադրիդում հուշագրի ստորագրումից հետո անձանց արտահանձնման վերաբերյալ:
«Հուշագրում մենք հավաստիացրել ենք Թուրքիային, որ լրջորեն ենք վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարին, և արտահանձնման բոլոր հարցումները ընթացակարգ կանցնեն մեր օրենսդրության մեջ ամրագրված կարգի համաձայն։ Գերագույն դատարանը վերջնական որոշում կկայացնի։.. », – ընդգծել է նա։
Իր հերթին Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ որքան իրեն հայտնի է, Թուրքիայից Ֆինլանդիայից կոնկրետ անձանց արտահանձնման նոր հարցումներ չեն եղել:
«Որքան ինձ հայտնի է, նոր հարցումներ չեն եղել», – ասել է նա՝ պատասխանելով նույն հարցին:
«Ֆինլանդիան ահաբեկիչների համար ապաստան չէ, և չի ցանկանում ապագայում այդպիսին լինել։ Մենք խստացնում ենք մեր օրենսդրությունը, և դա նշվել է հուշագրում, և ես կարծում եմ, որ դա կարևոր է», – հավելել է Հաավիստոն։
Անցած հանգստյան օրերին Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հրաժարվել է լրագրողներին հայտնել, թե արդյոք նա խոստացել է Անկարային արտահանձնել մի քանի տասնյակ քրդերի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի արգելափակումը հանելու դիմաց:
Անդերսոնը հավաստիացրել է, որ մարդկանց արտահանձնման վերաբերյալ ցանկացած որոշում կհամապատասխանի շվեդական և միջազգային իրավունքի նորմերին: Նա նաև վստահեցրել է, որ բոլոր որոշումները կայացվելու են անկախ դատարանների միջոցով։ Ի վերջո, ըստ Անդերսոնի, իշխանությունները Թուրքիային չեն հանձնի շվեդ հպատակներին։