Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է կատարվել․ նրա վիճակը ծանր է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության ներկայիս ղեկավար Ֆումիո Կիսիդան՝ դժվարությամբ զսպելով արցունքները։
«Այսօր Նարա պրեֆեկտուրայում հարձակման է ենթարկվել նախկին վարչապետ Աբեն, նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասել է նա։
Սինձո Աբեն հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 11։30-ի սահմաններում Ճապոնիայի Նարա քաղաքում՝ իր փողոցային ելույթի ժամանակ։ Ինչպես հայտնում են ճապոնական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին և իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության աղբյուրներին, Աբեն թիկունքից երկու կրակոց է ստացել։ Երկրորդ կրակոցից հետո քաղաքական գործիչն ընկել է։
Ոստիկանությունը հայտնել է, որ Աբեն վիրավորվելուց անմիջապես հետո ուշագնաց է եղել, բայց հետո տեղափոխման ընթացքում «սրտի և թոքերի կանգ» է արձանագրվել։ Բուժաշխատողները մերսում են կատարել:
41-ամյա Տեցույա Յամագամին տեղում բերման է ենթարկվել։ Ձերբակալության ժամանակ նա ոչ մի դիմադրություն չի ցուցաբերել։ Որոշ ժամանակ անց նրան ձերբակալել են սպանության փորձ կատարելու մեղադրանքով։ Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ Յամագամին երեք տարի` մինչև 2005 թվականը, ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում։