Շրի Լանկայում շաբաթ օրը Կոլոմբո քաղաքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը հասել է 103-ի: Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին, վկայակոչելով երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, տեղեկացրել է News First լրատվական պորտալը։
Կոլոմբոյի ազգային հիվանդանոցում հայտարարել են, որ ներկայումս 55 մարդ ստացիոնար բուժում է անցնում բժշկական հաստատությունում: Բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվածներից մեկը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Զոհերի մասին տեղեկություններ չկան ։
Բացի այդ, անկարգությունների ժամանակ տուժել է 11 լրագրող, որոնք լուսաբանում էին Կոլոմբոյի տարբեր շրջաններում տեղի ունեցող բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շրի Լանկայում բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցները, որոնք հանդես են գալիս երկրի գործող նախագահ Գոթաբաի Ռաջապաքսայի պաշտոնաթողության օգտին, Կոլոմբոյում ներխուժել են պետության ղեկավարի նստավայրի գլխավոր շենք: Նախագահի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, միայն պաշտոնապես հայտարարել են, որ նա հուլիսի 13-ին հրաժարական է տալու: