ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հարցմանը՝ կապված Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի ու երկրների միջև ընթացող երկխոսության վերաբերյալ, իր աջակցություն է հայտնել «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:
ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունից հայտնել են.
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարեւոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ», – նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում: