Ուկրաինայի հակամարտությունը հանգեցրել է ԱՄՆ-ում թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուների օգտագործման և թուրքական դրոններում արևմտյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ քննադատության մեղմացմանը: Այս մասին գրում է ProPublica-ն։
Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ում որոշ օրենսդիրներ Բայդենի վարչակազմին կոչ էին արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա անօդաչու թռչող սարքերի վաճառքը սահմանափակելու համար՝ դադարեցնելով ամերիկյան տեխնոլոգիաների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել անօդաչու թռչող սարքերում: Նրանք պնդում են, որ թուրքական անօդաչուները և նրանց հրթիռները ավելի մեծ անկայունություն են առաջացնում աշխարհում, իսկ որոշ դեպքերում խախտում են ամերիկյան և միջազգային զենքի մատակարարումների էմբարգոները, որոնք նախատեսված են պատերազմները զսպելու համար:
Պարբերականը գրում է, որ թուրքական ԱԹՍ-ում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման հարցը Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում է հայտնվել 2020 թվականի նոյեմբերին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) զեկույցից հետո: Զեկույցում առկա էին ապացույցներ, որ հայկական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղում 2020թ.աշնանը խփված անօդաչու թռչող սարքերի մանրամասները ստացվել են ամերիկյան ֆիրմաներից։
ANCA – ն և Թուրքիային քննադատող մյուս խմբերը մոբիլիզացրել են կողմնակիցներին անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրողներին նամակներ ուղարկելու համար՝ խոստումներ ստանալով շատ ընկերություններից, որ նրանք կդադարեն դրանք վաճառել Թուրքիային: Ամերիկյան վեց արտադրողներ, որոնց արտադրնքներն օգտագործվել են TB2 դրոններում, պարբերականին հաստատել են, որ իրենք քայլեր են ձեռնարկել Թուրքիա ուղղակի վաճառքների դադարեցման ուղղությամբ, որոնք անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերությունը կարող է օգտագործել դրոնների համար: Բայց փորձագետներն ասում են, որ, հավանաբար, դժվար կլինի խանգարել Թուրքիային ձեռք բերել այդ պարագաները դիստրիբյուտորների և վերավաճառողների բաց շուկայում։
2021 թվականի օգոստոսին Կոնգրեսի 27 անդամներից բաղկացած երկկուսակցական խումբը Բայդենի վարչակազմին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել՝ հայտարարելով, որ Թուրքիան ամերիկյան տեխնոլոգիաներն օգտագործում է ամբողջ աշխարհում անօդաչու թռչող սարքեր տարածելու համար: Խումբը խնդրել է Պետքարտուղարությունը գնահատել, խախտում է արդյոք Թուրքիա ՆԱՏՕ-ի գործող պատժամիջոցները կամ կանոնները: Նրանք նաև պնդել են, որ Թուրքիան պետք է դադարեցնի ամերիկյան տեխնոլոգիաների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել TB2-ում, սակայն վարչակազմը չի ձեռնարկել այդ քայլը:
Կոնգրեսի կողմից 2021 թվականի դեկտեմբերին ընդունված պաշտպանական ծախսերի մասին օրինագծում չեն հիշատակվում թուրքական անօդաչու թռչող սարքերը, սակայն պահանջ կա, որ Բայդենի վարչակազմը 180 օրվա ընթացքում Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնի այն մասին, թե օգտագործվել են արդյոք ամերիկյան «սպառազինության համակարգեր կամ վերահսկվող տեխնոլոգիաներ» Լեռնային Ղարաբաղի պատերազմում: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որին հանձնարարված է անցկացնել այդ ստուգումը, ասել է, որ նախարարությունն աշխատում է հաշվետվության ավարտի ուղղությամբ և դեռ չի ներկայացրել այն Կոնգրեսին:
Պարբերականը գրում է, որ Ուկրաինայի հակամարտությունը մեղմացրել է այդ հարցի վերաբերյալ քննադատությունը, իսկ թուրքական անօդաչու թռչող սարքերն էլ իրենց հերթին դրական գնահատականների են արժանացել Կոնգրեսի որոշ անդամների կողմից:
«Մենք պետք է ուղիներ գտնենք Ուկրաինային ավելի շատ զինված անօդաչուներ տրամադրելու համար, ինչպիսիք են թուրքական TB2-ը, որոնք, ըստ երևույթին, շատ արդյունավետ են եղել», — մասնավորապես ասել է հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի խոսքերով, «այժմ ՆԱՏՕ – ում բոլորը միջոցներ են փնտրում Պուտինին զսպելու և Ուկրաինայում Ռուսաստանի հետագա ռազմական գործողությունների գինը բարձրացնելու համար, և մարտադաշտում ստուգված թուրքական անօդաչու սարքերը դրա լավագույն միջոցներից մեկն են»:
Պարբերականը գրում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները լուրջ ջանքեր են առաջացրել Կիևին զինելու ուղղությամբ, նույնիսկ այն երկրներում, որոնք նախկինում ձգտում էին դադարեցնել կամ դանդաղեցնել անօդաչուների տարածումը:
Որպես օրինակ կայքը ներկայացնում է Կանադային, որը մարտին հայտարարել էր, որ Ուկրաինային կտրամադրի 50 մլն դոլարի մահաբեր և ոչ թռիչքային օգնություն, այդ թվում՝ «կանադական արտադրության տեսախցիկները, որոնք օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում և այլ մասնագիտացված սարքավորումներում»: Պարբերականի տվյալներով՝ խոսքը MX-15 օպտիկական համակարգերի մասին է, որոնք կիրառվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում և որոնք 2021 թվականին Կանադան արգելել է արտահանել Թուրքիա:
Կանադայի զենքի առևտրի դեմ պայքարի խումբը Project Ploughshares-ը եկել է այն եզրակացության, որ Ուկրաինայի Bayraktar TB2-ը օգտագործում է այս տեսակի տեսախցիկները: Խմբի հետազոտող Քելսի Գալահերի կարծիքով՝ սարքավորումները, ամենայն հավանականությամբ, արտահանվել են Ուկրաինա, այլ ոչ թե Թուրքիա։ Ռուսական ներխուժումից առաջ ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել էին Թուրքիայի հետ համատեղ անօդաչու թռչող սարքեր ստեղծելու ծրագրերի մասին։
«Այժմ ԱՄՆ-ն դիվանագիտական դժվարությունների է բախվել. մի կողմից TB2-ն օգնում է դաշնակիցներին, ինչպիսին Ուկրաինան է, որն օգտագործել է դրանք ռուսական ուժերի դեմ իրավիճակը շտկելու համար։ Մյուս կողմից, նրանք արագ փոխում են ժամանակակից պատերազմը՝ հակամարտող կողմերին հնարավորություն տալով արագ, էժան ու հեռահար հարվածներ հասցնել», – գրում է պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ ներկայումս 14 երկրներ սպառազինության մեջ ունեն Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր, ևս 16-ը ձգտում են դրանք ձեռք բերել: