Իսպանիայում անոմալ շոգը հինգ օրում գրեթե 240 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով EFE գործակալությունը։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ հուլիսի 10-14-ը ներառյալ երկրում մահացել է 237 մարդ՝ օդի չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով:
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը շրջանների մեծ մասում եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել է մինչև վտանգավոր մակարդակի, իսկ առանձին շրջաններում՝ չափազանց վտանգավոր մակարդակի: Նշվում է, որ երկրում օդի ջերմաստիճանը հասնում է մոտ 45 աստիճանի:
Նշենք, որ Արևմտյան Եվրոպայում անոմալ շոգ է հաստատվել։ Իսպանիայում բռնկվել են հրդեհներ և երաշտ, Ֆրանսիան չեղյալ է հայտարարել Բաստիլի գրավման օրվա առթիվ հրավառությունը՝ բռնկումների վտանգի պատճառով, Պորտուգալիայում առաջիկա օրերին կարող է նոր ջերմաստիճանային ռեկորդ սահմանվել: Այս տարի Իսպանիան ընդգրկած շոգն անսովոր է նրանով, որ ազդում է երկրի գրեթե ամբողջ տարածքի վրա։ Չափազանց բարձր ջերմաստիճան է հաստատվել ոչ միայն երկրի հարավային և կենտրոնական շրջաններում, այլ նաև հյուսիսում, որտեղ տարվա այս եղանակին սովորաբար ավելի զով է։ Գալիսիայում, որը գտնվում է Իսպանիայի հյուսիս-արևմուտքում, օդի ջերմաստիճանը կարող է հասնել 42°C-ի: