Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը երկուշաբթի կայցելեն Բաքու՝ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու Եվրոպա տեղական գազի մատակարարումների հարցը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում կստացվի գործարք, որի նպատակն է նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը ռուսական էներգետիկայից և նվազեցնել գազի սպասվող պակասը հաջորդ ձմռանը:
Այժմ Կասպից ծովի շելֆում արտադրվող վառելիքը Եվրոպա է մատակարարվում Հարավային գազային միջանցքով։ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը նշում է, որ կողմերը կքննարկեն էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հարցերը, որպեսզի մեծացնեն նրա դերը եվրոպական երկրներ բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման գործում:
2021 թվականին Ռուսաստանից ԵՄ է մղվել 155 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է դրա ընդհանուր սպառման 40 տոկոսը։ Բրյուսելն ակնկալում է, որ մինչև 2027 թվականը Հարավային գազային միջանցքով կկարողանա տարեկան ստանալ առնվազն 20 միլիարդ խորանարդ մետր վառելիք, և Ադրբեջանին վստահելի գործընկեր է անվանում։
Գազի մատակարարների դիվերսիֆիկացման հարցը Եվրոպայի համար հատկապես արդիական է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Եվրահանձնաժողովը հայտարարել է մինչև 2030 թվականը ռուսական գազի ամբողջական մերժման անհրաժեշտության մասին՝ մշակելով համապատասխան ծրագիր, որը կոչվում է REPowerEU։