Ուկրաինայից ծովային ճանապարհով հացահատիկի մատակարարման միջանցքի ստեղծման վերջնական փաստաթուղթը կարող է ստորագրվել այս շաբաթ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թեհրանից վերադառնալուն պես, որտեղ մասնակցել է «Աստանայի եռյակի» գագաթնաժողովին, փոխանցում է TACC-ը։
«Մենք ցանկանում ենք ավարտել այս գործընթացը՝ ստորագրելով համաձայնագիր այս շաբաթ»,- ասել է նա՝ հավելելով, որ հացահատիկի տեղափոխման գործընթացը կկառավարվի Ստամբուլի համակարգող կենտրոնից, որին Թուրքիայի հետ կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։
«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այս գործընթացն ավարտին հասցնելու համար, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային պարենային անվտանգության համար»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Անկարայի ջանքերն ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։
Նշենք, որ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում հացահատիկի համաշխարհային առևտրի մոտ մեկ քառորդը: Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է ուկրաինական հացահատիկի արտահանմանը խանգարելու մեջ: Մոսկվան պատասխանում է, որ Կիևը պետք է պարենով մաքրի նավահանգիստները նավերի ելքի համար։ Մինչդեռ ՄԱԿ-ը հայտարարել է, որ սովը շուտով կարող է սպառնալ աշխարհին։