Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանն այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր: Ինչպես հաղորդում են դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունից, ուղևորությանը մասնակցել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Ուկրաինայի հայերի միության փոխղեկավար Դավիթ Մկրտչյանը:
Կարապետյանը Խարկովի Ս. Հարության եկեղեցում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպանը ներկայացրել է Ուրկրաինայում ռազմական գործողություն սկսվելուց ի վեր դիվանագիտական գործունեությունը, ինչպես նաև վստահեցրել է, որ դեսպանատունը իր լիազորությունների շրջանակում կշարունակի աջակցություն ցուցաբերել կարիքավորներին:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ տարբեր խորհրդատվություններ են ներկայացվել: Պոլտավայում դեսպանության պատվիրակությունը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին: