Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական ռազմակայանը ուրբաթ երեկոյան հրթիռակոծվել է։ Այս մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ուժային կառույցներում իր աղբյուրները։
Հարձակումը կատարվել է Զլիկան ճամբարի վրա, որը գտնվում է Բաշիկի շրջանում՝ Մոսուլից ոչ հեռու (Նայնավա նահանգ)։ Ռազմական օբյեկտի ուղղությամբ արձակվել է երեք ռեակտիվ արկ։ Shafaq news պորտալի տեղեկություններով՝ առնվազն մեկ հրթիռ է պայթել ճամբարի տարածքում: Հնարավոր զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Լիվա Ահրար ալ-Իրաք» խմբավորումը, որը կատարվածը թուրքական զորքերի կողմից Դահուկ նահանգի գնդակոծման վրեժ է անվանել։
Չորեքշաբթի Shafaq news պորտալը հայտնել է, որ Դահուկ նահանգում (Իրաքի Քուրդիստանի կազմի մեջ է մտնում) թուրքական հրետանու գնդակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 22-ը վիրավորվել են: Իրաքի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության խորհուրդը խորհրդակցությունների համար Անկարայից հետ է կանչել գործերի ժամանակավոր հավատարմատարին: Հինգշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան միջադեպի հետ կապ չունի։
Զլիկանը, ինչպես նաև ևս մեկ թուրքական բազա Թուրքիայի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա գտնվող Էլ Ամադիա բնակավայրի մերձակայքում, ինչպես նաև Իրաքում գտնվող մյուս ռազմական օբյեկտները պարբերաբար տարբեր տեսակի հարձակումների թիրախ են դառնում: Հաճախ նման հարձակումների զոհ են դառնում թուրք զինծառայողները։