Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի Հասեքե նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Ումմ-Կեֆ բնակավայրը։ Վկայակոչելով Rudaw հեռուստաալիքին, TASS-ը հայտնում է, որ գնդակոծության տակ է հայտնվել այնտեղ տեղակայված սիրիացի զինծառայողների բլոկպոստը: Կառավարական ուժերի շարքերում տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:
Նշվում է, որ Ումմ-Կեֆ բնակավայրը գտնվում է Թել-Թայմեր քաղաքի (Դամասկոսից 630 կմ հեռավորության վրա) մերձակայքում:
Քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» հրամանատարությունը հուլիսի 18-ին հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում համընդհանուր մոբիլիզացիայի մասին՝ կապված թուրքական զորքերի ներխուժման սպառնալիքի հետ: Ավելի վաղ Դամասկոսը քրդերի խնդրանքով հյուսիսային շրջաններ է ուղարկել ռազմական ամրացումներ և զրահատեխնիկա: