Ֆրանսիայի տարբեր քաղաքական խմբերի շուրջ 15 ընտրված ներկայացուցիչներ, այդ թվում Պրովանս — Ալպեր — Լազուրե ափերի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն և Սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվյե Ֆորն ուրբաթ օրը կոչ են արել ԵՄ-ին «հրաժարվել» Ադրբեջանի հետ գազի ներկրման կրկնապատկման մասին համաձայնագրից՝ դատապարտելով այդ երկրի «ռազմատենչ նկրտումները»: Այս մասին հայտնում է «Антитопор» գործակալությունը՝ վկայակոչելով Le Monde պարբերականին։
«Այս նախաձեռնությունը կշարունակի մեր մոլորակի ռեսուրսների օգտագործման կատաղի մրցավազքը և Եվրամիությանը կդնի ռազմատենչ նկրտումներով պետությունից նոր կախվածության վիճակում», – պնդում են փաստաթուղթն ստորագրվածները, որոնք հրապարակվել են Le Monde օրաթերթում:
Նրանք կոչ են արել Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանի հետ այդ նախագծից, ինչպես նաև, որպեսզի Եվրախորհրդարանը ոչ մի պատրվակով չվավերացնի այդ համաձայնագիրը, որը ռուսական գազից կախվածությունը ադրբեջանական գազից կախվածության կվերածեր:
Նրանց խոսքերով, կովկասյան երկիրը «մասնակցում է նաև սպառազինությունների ֆինանսավորման վտանգավոր մրցավազքին, որոնք հայերին ոչնչացնում են Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում»: «Ադրբեջանը հասկացրել է, որ իրեն չի հանգստացնում ռազմական հաղթանակը», – պնդում են հայտարարության հեղինակները՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի շրջանում 44-օրյա պատերազմի մասին:
Նրանք կարծում են, որ այս համաձայնագիրը նաև «անցյալի պատասխանն է, որը հակասում է բնապահպանական անցման պարտավորություններին և ավելի ինքնիշխան Եվրոպական Միության համար ավելի կանաչ էներգիայի պահանջին»։
«Ադրբեջանին ընտրելով որպես գազի մատակարար՝ տիկին ֆոն դեր Լյայենը փաստորեն թուլացնում է Եվրամիությունը», – զգուշացնում են նրանք:
Մասնավորապես, տեքստի տակ ստորագրել են «Եվրոպա Էկոլոգիա Կանաչներ» կուսակցության ազգային քարտուղար Ժուլիեն Բայուն, «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունից Կլեմենտինա Օտենը, Հանրապետականների եվրապատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, Կանաչների եվրապատգամավոր Յաննիկ Ժադոն, Մարսելի քաղաքապետ Բենուա Պայյանը (Ձախ միություն), ինչպես նաև հանրապետական սենատոր Բրունո Ռետայոն:
Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 18-ին Բաքվում Ադրբեջանից ԵՄ մի քանի տարվա ընթացքում գազի ներկրման կրկնապատկման մասին Ադրբեջանի հետ համաձայնագրի մասին է հայտարարել։