Իսպանիայի դատախազությունը կոլումբացի փոփ-աստղ Շակիրային 14,5 միլիոն եվրոյի հարկ չվճարելու մեղադրանք է ներկայացրել։ Եթե մեղադրանքը հաստատվի, երգչուհուն կարող է սպառնալ 8 տարվա ազատազրկում։ Ինքը՝ Շակիրան, հերքում է իր մեղքը, հայտնում է El Pais-ը։
Դատախազության տվյալներով՝ Շակիրան Իսպանիայում ապրել է 2012-2014 թվականներին, սակայն հարկեր չի վճարել։ Երգչուհին և նրա ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ տարիներին Իսպանիայում նա չի եղել։ Սակայն իսպանական դատախազությունը պնդում է, որ 2012-ին նա Իսպանիայում տուն է գնել. մեկ տարի անց այնտեղ է ծնվել նաև նրա որդին։
Դատախազությունը նրա համար 8 տարվա ազատազրկում և գրեթե 24 մլն եվրո տուգանք է պահանջում։ Շակիրայի փաստաբանները պնդում են նրա անմեղությունը։ Իսպանիայում առաջին դատական նիստի ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Շակիրան պաշտոնապես սկսել է ապրել Իսպանիայում 2015 թվականից։