Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 125-ը՝ վիրավորվել:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով անկլավի Առողջապահության նախարարությանը։ Գերատեսչության տվյալներով՝ զոհվածների թվում կա երեխա և երկու կին:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել է, որ Իսրայելի բանակը օգոստոսի 5-ին Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ սկսել է «Լուսաբաց» գործողությունը: Զինվորականները հարվածներ են հասցնում Գազայի հատվածում եղած թիրախներին, իսրայելական թիկունքում արտակարգ դրություն է մտցվել:
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է ավիահարվածի ընթացքում իր ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Թայսիր Ալ Ջաբարիի սպանությունը: Ամբողջ գիշեր Իսրայելի Գազայի հետ սահմանակից շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։