Շվեդիայի իշխանությունները համաձայնել են Թուրքիա արտահանձնել մի մարդու, որը ենթադրաբար եղել է Թուրքիայի քաղաքացիների ցուցակում, ում արտահանձնումը պահանջում է Անկարան՝ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման դիմաց: Այս մասին Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters գործակալությունը՝ հստակեցնելով, որ անանուն տղամարդը կդառնա առաջին քաղաքացին, որը փոխանցվել է թուրքական իշխանություններին Շվեդիայի հետ ինչ-որ էքստրադիցիոն գործարքի կնքումից հետո։
«Նշված անձը Թուրքիայի քաղաքացի է և դատապարտվել է Թուրքիայում 2013 և 2016 թվականներին խարդախության համար … Գերագույն դատարանը սովորական կարգով քննել է հարցը և եկել այն եզրակացության, որ արտահանձնման համար խոչընդոտներ չկան»,- գործակալությանը պատմել է Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը: Նա հրաժարվեց ճշտել՝ նշված քաղաքացին «թուրքական ցուցակում» է, թե ոչ։
Ավելի վաղ արտահանձնման մասին հայտնել էր շվեդական SVT հեռուստաալիքը՝ հստակեցնելով, որ Թուրքիայում անանուն տղամարդը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման ֆինանսական խարդախության համար:
Հունիսին հայտնի դարձավ, որ Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ սկանդինավյան երկրները համաձայնել են թուրքական կողմի առաջադրած պայմաններին: Նշվում էր, որ Թուրքիան Շվեդիայից և Ֆինլանդիայից ակնկալում է արմատական քրդական խմբավորումների անդամներին և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համախոհներին հանձնել Թուրքիային: Հյուսիսեվրոպական երկրները հերքում են Անկարայի հետ համաձայնեցված էքստրադիցիոն ցուցակների գոյությունը։