Օգոստոսի 15-ին, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ընդդեմ Արցախում, մասնավորապես Բերձորում, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության արդյունքում տեղի ունեցող էթնիկ զտումների և կրոնական ու մշակութային կոթողների ոչնչացման։ Այս մասին հայտաարարություն է տարածել Հայ-Գերմանական վերաինտեգրման միությունը։
Միտինգի պահանջներն են՝
- Դադարեցնել 2022 թ․, օգոստոսի 6-ից Բերձորում և Աղավնոյում հայ բնակչության դեմ տեղի ունեցող էթնիկ զտումները։
- Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատում և քաղաքացիական ազատությունների, այդ թվում ազատ խոսքի իրավունքի պահպանում։
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունից՝ իրեն հասու բոլոր լծակներով անհապաղ ազդել Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների վրա՝ դադարեցնելու Բերձորի և Աղավնոյի վարչական տարածքներում տեղի ունեցող Էթնիկ զտումները։
ՀՀ Կառավարության գործողությունները խախտում են ՄԱԿ-ի 1948թ ընդունված մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի ընդհանուր դրույթները, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՈ-ի ոչ նյութական արժեքների ժառանգության պաշտպանության կոնվենցիայի դրույթները։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։