Ստորագրվել է ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) երկրորդ խմբաքանկը Թուրքիային մատակարարելու մասին պայմանագիր: Այս մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
Նրա խոսքով՝ պայմանագիրը նախատեսում է համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում։ Շուգաևը նաև նշել է, որ ներկայումս ընթանում է նշված պայմանագրի գործնական իրականացումը:
«Ընթացիկ տարում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը բացասաբար է ազդել գործընկերների հետ ռուսական կողմի փոխգործակցության որոշ ասպեկտների վրա։ Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հունով։ Նախատեսում ենք հետագայում էլ աշխատել թուրք գործընկերների հետ թափանցիկ և փոխշահավետ հիմքի վրա», – մեջբերում է գործակալությունը
Հիշեցնենք, որ С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման առաջին պայմանագիրը կնքվել է 2017 թվականին, թուրքական կողմին ՀՕՊ համալիրների մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամռանը-աշնանը: