Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է «տղաներ, որոնք ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն օգտագործում են փիառի համար»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Շոլցը երեխա է, որը ոչինչ չի հասկանում և չի ուզում հասկանալ քաղաքականությունից», – լրագրողներին ասել է Լուկաշենկոն՝ մեկնաբանելով Շոլցի հայտարարությունները ՌԴ նախագահի հետ զրույցի բովանդակության մասին։
Ավելի վաղ Լուկաշենկոն նշել էր, որ Եվրոպայում ուժեղ քաղաքական գործիչներ չեն մնացել։ Նա, մասնավորապես, ասել էր, որ Արեւմտյան Եվրոպայի երկրներում այլևս չկան նախկին ձևաչափի ու մասշտաբի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Շառլ դը Գոլը կամ Ժակ Շիրակը, Հելմուտ Կոլը կամ Անգելա Մերկելը։