ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերների ցանկում Չինաստանի, Ռուսաստանի և կլիմայի փոփոխության ճգնաժամի հետ մեկտեղ ներառել է նաև Թուրքիային։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Մենենդեսը նման հայտարարություն է արել Կապոդիստրիասի անվան Աթենքի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողության ժամանակ։
«Սա լավագույն տեղն է արտահայտելու իմ կարծիքը միջազգային մակարդակով Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի մարտահրավերների, ինչպես նաև կլիմայական ճգնաժամի մասին, որը պատում է աշխարհը», – ասել է Մենենդեսը:
Սենատորի խոսքով՝ «Թուրքիան շարունակում է մնալ ամենահամառ և անմիջական սպառնալիքն Արևելյան Միջերկրական ծովում»։ Նա մեղադրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին թե՛ Արևելյան Եվրոպայում, թե՛ Հարավային Կովկասում Եվրոպայում պառակտող քաղաքականություն վարելու մեջ։
Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, սակայն Էգեյան ծովում սադրիչ գործողություններով մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխանությանը: Կործանիչների կողմից օդային տարածքի խախտումն անընդունելի պահվածք է ցանկացած երկրի համար»,- Մենենդեսի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Նշվում է, որ սենատորն անդրադարձել է Թուրքիայի կողմից Կիպրոսի «ապօրինի օկուպացմանը»։ «Սա ժողովրդավարական երկրի գործողություններ չեն, և ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ կարծում, որ նրանց պետք է տրամադրվեն արդիականացված սպառազինության համակարգեր Միացյալ Նահանգներից», – ասել է Մենենդեսը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Մենենդեսը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը քննադատել էին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը չեղյալ համարելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը։