Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ երկրի պաշտպանության բանակը և իսրայելական «Մոսադ» հետախուզությունը հրահանգ են ստացել պատրաստվել Իրանի կողմից իրադարձությունների ցանկացած զարգացման:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ ստեղծված իրավիճակը:
«Իսրայելի պաշտպանության բանակն ու «Մոսադ» – ը մեզ հրահանգել են պատրաստվել ցանկացած սցենարի։ Մենք պատրաստ կլինենք գործել Իսրայելի անվտանգության պահպանման համար։ Ամերիկացիները դա հասկանում են, ամբողջ աշխարհը հասկանում է դա, իսրայելական հասարակությունը նույնպես պետք է դա իմանա», – գործակալությունը մեջբերում է վարչապետի թվիթերյան գրառումը։
Լապիդը կրկին ընդգծել է, որ Իսրայելը դեմ է ԳՀՀԾ-ի վերականգնմանը իր ներկայիս տեսքով: «Այդ համաձայնագիրը վատ համաձայնագիր է։ Այն արդեն վատ էր, երբ ստորագրվել էր 2015-ին։ Այսօր նրանից եկող վտանգներն ավելի են մեծանում։ Այն մոտ է իր ավարտի ամսաթվին, իսկ Իրանն այլ վիճակում է տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից», – նշել է նա։
Ինչպես հաղորդում է The Times of Israel թերթը, իսրայելական «Մոսադ» հետախուզության ղեկավար Դավիթ Բարնեան ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել ԱՄՆ՝ Թեհրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ Վաշինգտոնի բանակցությունների ֆոնին:
Բարնեան Վաշինգտոն կայցելի Իրանի և միջազգային հանրության միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերաբերյալ բանակցությունների ընթացքի վրա ճնշում գործադրելու Իսրայելի ջանքերի շրջանակներում:Ավելի վաղ այնտեղ էին եղել հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էլյալ Հուլատան:
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դրական քայլ է համարում Իրանի որոշումը որոշակի զիջումների գնալ իրանական միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների շրջանակներում: