Հայաստանում Իրանի առևտրային կցորդը հայտնել է, որ առաջիկա ամիսներին կավարտվի Իրանի և ԵԱՏՄ միջև առևտրի ազատականացումը։ Ինչպես հայտնում է Pars Today-ն՝ Հայաստանում Իրանի առևտրային կցորդն ասել է. «Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև բանակցություններից հետո առաջիկա ամիսներին երկու կողմերի միջև առևտրի ազատականացման նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն»:
«Իրանի և հարևան երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման պլանավորումը լրջորեն դրված է իրանական կառավարության օրակարգում, և ԵԱՏՄ-ի անդամների հետ բանակցությունները նույնպես լուրջ առաջնահերթություն են: Մենք հուսով ենք, որ Իրանի և հարևան երկրների միջև առևտրային հարաբերությունները կզարգանան», – ասել է Աքբար Գոդարին:
Հայաստանում Իրանի առևտրային կցորդի խոսքով՝ վերջին ամիսներին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև անցկացվել է բանակցությունների 9 փուլ և հիմնական ուղղություններից մեկը եղել է երկու կողմերի միջև առևտրի ազատականացումը:
Նշելով, որ այդ երկրի շուկան շատ բարենպաստ հնարավորություններ ունի Իրանի համար, Գոդարին պարզաբանել է. «Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը և սահմանային կապերը, որոնք գոյություն ունեն երկու երկրների միջև, Հայաստանի շուկան, անկասկած, շատ կարևոր է իրանական ապրանքների արտահանման համար»:
Հայաստանում Իրանի առևտրային կցորդն նաև ընդգծել է. «Իրանն ու Հայաստանը քաղաքական և պատմական առումով մեծ հարաբերություններ ունեն միմյանց հետ, ուստի, օգտագործելով այդ ներուժը, կարելի է լրջորեն բարձրացնել առևտրային փոխգործակցության մակարդակը և իրանական ապրանքների արտահանումը պատրաստել մեր հյուսիսային հարևանի համար»։
Իրանի և Հայաստանի տնտեսական համաժողովն անցկացվել է Արևելյան Ադրբեջան նահանգի առևտրային պատվիրակության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Այս տնտեսական համաժողովին ներկա էին իրանական շուրջ 30 ընկերություններ Արևելյան Ադրբեջան նահանգից և 30 հայկական ընկերություններ։
Իրանական ընկերությունները Երևանի առևտրային և տնտեսական համաժողովում ներկայացրել են իրենց հնարավորությունները շինանյութերի, սննդամթերքի, գորգերի, բժշկության և զբոսաշրջության ոլորտներում:
Հայաստանը, իր առանձնահատուկ աշխարհագրական դիրքով, իրանական ապրանքների համար կարող է դարպաս դառնալ դեպի Եվրասիական տնտեսական միության 180 միլիոնանոց շուկա։