ԱՄՆ-ը Վրաստանի պաշտպանության ուժերին է փոխանցել 26 տոննա ռազմական հանդերձանք, որի ընդհանուր արժեքը կազմում է 11,5 մլն դոլար: Այս մասին ասված է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան՝ Facebook-ում տարածված հաղորդագրության մեջ։
«Այսօր մենք Վրաստանի պաշտպանության ուժերին 26 տոննա օգնություն ենք փոխանցել նրանց կարողությունների հզորացման համար։ 11,5 մլն դոլար արժողությամբ հանդերձանքը այն ուղիներից մեկն է, որով ԱՄՆ կառավարությունը սատարում է ռազմավարական գործընկերոջը՝ Վրաստանին», – ասված է հաղորդագրության մեջ։
Թե հատկապես ինչ ռազմական բեռի մասին է խոսքը, դեսպանատանը չեն ճշտում։
Վրաստանը և ԱՄՆ-ն համագործակցում են 1992 թվականից քաղաքականության, տնտեսության, առևտրի, իսկ 1990 – ական թվականների վերջից՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում: 2009թ. հունվարին Վաշինգտոնում ձևակերպվեց երկու երկրների ռազմավարական գործընկերության խարտիան, որը նախատեսում է համագործակցության զարգացում անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի, ինչպես նաև հումանիտար ոլորտներում: