Թուրքիան անհրաժեշտ է համարում չեղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գործող վետոյի իրավունքի համակարգը, ТАСС– ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտնել է Թուքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ աշխարհն ավելի մեծ է, քան ՄԱԿ – ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները»,-ասել է նա լրագրողներին Նյու Յորքում՝ ամփոփելով թուրքական պատվիրակության մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Չավուշօղլուի կարծիքով՝ վետոյի իրավունքի փոխարինումը կարող է դառնալ ձայների մեծամասնությամբ որոշումների ընդունումը։ «Այս հարցում կարևորը առավելագույն ընդգրկումն ու արդարությունն ապահովելն է», – նշել է նա։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչն ավելի ու ավելի շատ համաշխարհային առաջնորդներ են պաշտպանում, և դա ցուցադրել է Գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանը:
ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունք ունեն միայն հինգ մշտական անդամներ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: